Արման Երիցյան

Արման Երիցյան

1975 թվականի հունիսի 22-ին ծնված Արման Երիցյանը հայ վավերագրող կինոռեժիսոր է, որի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ փառատոներում։ 2001 թվականին ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցը։ Եղել է Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության «Դարի հերոսները» փաստավավերագրական շարքի ռեժիսոր, նկարահանել է սոցիալական հոլովակներ, ինչպես նաև աշխատել է «Ֆիշկա-ֆիլմ» ստուդիայում, Monarch Films-ում, Ինտերնյուզ Հայաստանում և այլ հայկական հեռուստաալիքներում։

Առաջին ֆիլմը՝ «The End»-ը, թողարկվել է 2004 թվականին, որին հետևել են «Բաց երկնքի տակ» (2005), «Ողջույն, Ֆելլինի» (2007), «Հայաստանի վերջին լարախաղացը» (համառեժիսոր՝ Իննա Սահակյան, 2010), «Մեկ, երկու, երեք» (2015) և միջազգային տարբեր մրցանակների արժանացած այլ կինոնկարներ։ Երիցյանը եղել է երևանյան «Ոսկե ծիրան», ռուսաստանյան «Ուղերձ մարդուն», «Սարատովյան տվայտանքներ» և մի շարք այլ կինոփառատոների ժյուրիի անդամ։

Բարտ վան դեն Բրուկ

Բարտ վան դեն Բրուկ

Բարտ վան դեն Բրուկը նիդերլանդացի կինոմոնտաժող և հետարտադրության համակարգող է, որը բնակվում է Ամստերդամում: Մոնտաժային սեղանի շուրջ իր աշխատանքին զուգահեռ՝ վան դեն Բրուկն ամստերդամյան FeverFilm ստուդիայի գործադիր տնօրենն է, որը զբաղվում է հետարտադրական աշխատանքների ողջ ներկապնակով՝ ներառյալ գունամշակումը, մոնտաժը և խաղարկային, վավերագրական ֆիլմերի ու հեռուստասերիալների վերջնական մաստեր-ֆայլերի պատրաստումը: Տարիների ընթացքում ստուդիան մասնակցել է հարյուրավոր ֆիլմերի, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային համարտադրությունների ստեղծմանը:

Իր կարիերայի ընթացքում վան դեն Բրուկն աշխատել է ինչպես խաղարկային, այնպես էլ ոչ խաղարկային նախագծերի վրա: Որպես մոնտաժող և հետարտադրության ղեկավար՝ աշխատել է տեղական և միջազգային նախագծերում, ինչպիսիք են Netflix-ի «Նամակ թագավորին» ֆանտաստիկ սերիալը, վենեսուելական «Հայրը խաղում է ինքն իրեն» բարձր գնահատված վավերագրությունը և «Դիպչիր ինձ այնպես, որ զգամ» երաժշտական ֆիլմը: Նա Նիդերլանդների կինոմոնտաժողների ասոցիացիայի (NCE) ակտիվ անդամ է և ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նաև որպես համապրոդյուսեր:

Ֆարհադ Վարահրամ

Ֆարհադ Վարահրամ

1948 թվականին Բորուջերդում ծնված Ֆարհադ Վարահրամն իրանցի ճանաչված կինոռեժիսոր է, որը հայտնի է իր ազգագրական վավերագրական ֆիլմերով։ 1974 թվականից ի վեր Վարահրամն արտադրել և նկարահանել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ, այդ թվում՝ հանրահայտ «Սուրբ հարսանիքը» (1996) և «Հարավային Իրանի սևամորթները» (2013)։ Նրա կինոաշխատանքները ցուցադրվել և մրցանակների են արժանացել աշխարհի տարբեր ծայրերում՝ ներառյալ Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում 2016 թվականին՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում։

Տարիների ընթացքում Վարահրամը հավաքել է ավելի քան 200,000 լուսանկարների և սլայդների արխիվ, որոնք կենտրոնանում են մարդկանց, բնության, առօրյա կյանքի, ճարտարապետության և ավանդական ծեսերի վրա։ Վարահրամը նաև հեղինակել է մի շարք մենագրություններ՝ նվիրված տարբեր մարդաբանական թեմաներին։ Իրանի վավերագրողների ասոցիացիայի, Իրանի պրոդյուսերների ասոցիացիայի, ինչպես նաև «Anthropology Letters» ամսագրի խմբագրական կազմի անդամ է։ Ներկայումս դասավանդում է Վիեննայում։