Հայաստանից, Վրաստանից կամ Իրանից սկսնակ կինոռեժիսորները ստանում են բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Լոռու մարզի Դեբեդ գյուղում 9-օրյա աշխատարանին և համատեղ վավերագրական ֆիլմ ստեղծելու։
Աշխատարանը վարում են պորտուգալացի ճանաչված կինովավերագրողներ Կատարինա Լարանժեյրոն և Դանիել Բարոկան։ Այն հնարավորություն է տրամադրում երիտասարդ ստեղծագործողներին զարգացնելու իրենց հմտությունները՝ տարեկից գործընկերների հետ համագործակցության և տեղացիների կյանքի մեջ խորասուզվելու միջոցով։ Աշխատարանի արդյունքում ստացված ֆիլմը ներկայացվելու է սեպտեմբերի 12-ին՝ «Ծիրանի ծառ» կինոփառատոնի փակման արարողությանը։
Աշխատարանը կազմակերպում է «Ֆիլմադարան» ՀԿ-ն՝ «Ծիրանի ծառ» 12-րդ ՄԿՓ-ի շրջանակում։
Դանիել Բարոկա
1976 թվականին ծնված Դանիել Բարոկան աշխատում է գեղանկարչության, կինոյի և պատմագիտական մարդաբանության հատման կետում։ Նրա ներկայիս դոկտորական հետազոտության ուշադրության կենտրոնում Պորտուգալիայում ու Գվինեա-Բիսաուում պատերազմական պատկերների թողած հետքերն են։ Հեղինակել է ընդլայնված կինոինստալյացիաներ, ինչպիսիք են «Զինվորը խաղում է սատկած մողեսի հետ» (2008) և «․․․մշուշոտ ու շփոթեցնող լանդշաֆտ» (2009)։ Եղել է ռեզիդենտ-արվեստագետ Բեռլինի «Բեթանիա» նկարիչների տանը, Ամստերդամի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Բեյրութի «Տնային աշխատավայր» ծրագրում և Նյու Յորքի Նկարչական կենտրոնում։ Կատարինա Լարանժեյրոյի հետ հեղինակել է «Կրակ ցեխի մեջ» լիամետրաժ վավերագրությունը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Ծիրանի ծառ» 2024-ի Ժյուրիի հատուկ մրցանակին։
Կատարինա Լարանժեյրո
1983 թվականին ծնված Կատարինա Լարանժեյրոն վիզուալ մարդաբան է, որը հետգաղութատիրության և գլոբալ քաղաքացիության ոլորտում գիտության դոկտորի կոչում ունի։ Վերջին տասը տարում նա ուսումնասիրել է կինոյի և տիեզերաբանական պատկերների հարաբերությունը Գվինեա-Բիսաուում ազատագրական պայքարի ժամանակ, ինչը նաև իր մագիստրոսական «Այսօրվա պատճառով» կարճամետրաժ ֆիլմի թեման էր։ Միևնույն ժամանակ նա ղեկավարել և մասնակցել է բազմաթիվ նախագծերի, որտեղ մեկտեղվում էին մարդաբանությունը, կինոն և պատկերային արվեստը։ Դանիել Բարոկայի հետ հեղինակել է «Կրակ ցեխի մեջ» լիամետրաժ վավերագրությունը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Ծիրանի ծառ» 2024-ի Ժյուրիի հատուկ մրցանակին։
Մասնակիցներ
Անա Բարջաձե
Մարիամ Բիձաձե
Թաբան Ֆաթեմեհ Զալալի
Մարգարիտա Սարգսյան
Շուշան Ստեփանյան