2015 թվականին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է, վավերագրական կինոյի ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում ուշ ամռանը՝ գյուղում։ Առաջին փառատոնը տեղի է ունեցել Երևանում, երկրորդը՝ Երևանում, Ուջան գյուղում և Գյումրիում, իսկ 2017-ին փառատոնը մի քանի տարով հաստատվել է Ուջանում։ 2023 թվականին փառատոնը տեղափոխվել է Լոռու մարզի Դեբեդ գյուղ։

Փառատոնի կազմակերպիչների համոզմունքն է, որ միայն ուրիշի հետ շփվելով ենք մենք ճանաչում ինքներս մեզ: Ճանաչելով զիս՝ ձգտում ենք ճանաչել նաև օտարին, և ճանաչելով միայն՝ լցվում ենք նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում: Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի կյանքն ու բարքը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառ»-ի կոչն ու ձգտումը: Եվ ոչինչ չի կարող ավելի լավ ու արդյունավետ իրականացնել այդ ձգտումը, քան «վավերագրական» կինոարվեստը, որի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն տեսնում, այլև ապրումակցում է էկրանային իրականությանը։

Գյուղական կինոփառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից. մշակութային միջոցառումների գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Երևանում կամ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը մեծ մասամբ զրկված է միջազգային և անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորություններից։ «Ծիրանի ծառը» նպատակ ունի գյուղական բնակչությանն արդի մշակութային կյանքի անբաժանելի մաս դարձնել։

Փառատոնի ձևաչափն արդեն իսկ մեծ արդյունք է գրանցել։ 2017 թվականի փառատոնի գլխավոր դափնեկիր իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, սիրահարվելով գյուղական միջավայրին և իրեն հյուրընկալած ուջանցիների ընտանիքին, 2019-ին վերադարձել է Ուջան և հայ-իրանական համատեղ արտադրության լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել՝ «Ուջանյան պատմություն», որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականին՝ VII «Ծիրանի ծառ»-ի բացման արարողությանը։ Նմանապես՝ 2022 թվականին փառատոնի մասնակից, շվեդ ռեժիսոր Կնուտե Վեսթերը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Սյունիքում՝ «Սահմանը մեր ներսում», որի պրեմիերան էլ տեղի է ունեցել 2025-ին՝ «Ծիրանի ծառ» XI փառատոնի փակման արարողությանը։

Փառատոնը ցուցադրում է բոլոր ժանրերի կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, մարդաբանական, փորձարարական, անիմացիոն և այլն։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր տարի ցուցադրվում է 30-40 ֆիլմ։ 2026-ին Լիամետրաժ ու Կարճամետրաժ մրցութային ծրագրերում ներկայացվում է 21 ֆիլմ, արտամրցութային բաժնում նշվում է ականավոր կինոռեժիսոր Հերց Ֆրանկի 100-ամյակը, «Դեմքեր» ծրագրում ցուցադրվում է երեք կինոնկար՝ այսօր գրեթե մոռացված, բայց բացառիկ անհատականությունների մասին։ «Հատուկ ցուցադրություններ» բաժնում հարգանքի տուրք է մատուցվում այս տարվա ժյուրիի անդամ, իրանցի հանրահայտ ռեժիսոր Ֆարհադ Վարահրամին և հանդիսատեսի ուշադրությանն են ներկայացվում անցյալ տարիների ժյուրիների՝ ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի և իրանցի ռեժիսոր Հադի Աֆարիդեհի նոր աշխատանքները։

2019 թվականին «Ֆիլմադարանը» նաև հիմնադրել է փառատոնին կից կինոդպրոցը, որտեղ գյուղի երեխաներն ու երիտասարդները սովորում էին զարգացնել իրենց արտիստիկ գաղափարներն ու «Ֆիլմադարան»-ի մասնագետների աջակցությամբ ստեղծել սեփական կարճամետրաժ ֆիլմերը։ Կինոդպրոցի շրջանակում ստեղծված ֆիլմերն ավանդաբար ցուցադրվում են փառատոնի փակման արարողությանը։ 2026-ին՝ ինչպես և 2025-ին, Կինոդպրոցը վարում է իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարթա Վիոլանտեն, և ծրագիրն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ։

2025 թվականին հիմք դրվեց Սկսնակ կինոռեժիսորների աշխատարանին, որն այդ տարի վարում էր բուլղարուհի ռեժիսոր և Բրյուսելի «Միլենիում» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Զլատինա Ռուսևան։ Աշխատարանի շրջանակում տարբեր երկրներից մասնակիցները 8 օրում ֆիլմ են նկարահանում Դեբեդում, որը ևս ցուցադրվում է փառատոնի փակման արարողությանը։ 2026-ին աշխատարանը վարում են պորտուգալացի կինովավերագրողներ Դանիել Բարոկան և Կատարինա Լարանժեյրոն։ Մասնակցում է 6 սկսնակ ռեժիսոր Հայաստանից, Վրաստանից և Իրանից։ Կինոդպրոցի պես՝ Սկսնակ ռեժիսորների աշխատարանը ևս դառնում է փառատոնի անբաժան մասնիկ։