Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Վերապրել Շեքսպիրին

Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան

Հայաստան/Նիդերլանդներ, 2025, 94′ · Հայերեն՝ անգլ․ ենթագրերով

սեպտեմբերի 11, 20։30 - «Դեբատուն» հյուրատուն

← Ծրագիր

Սինոփսիս

«Լինե՞լ, թե՞ չլինել»,— արձագանքում է խորհրդային դարաշրջանի բարձիթողի ծերանոցի միջանցքներում, որտեղ տարեց բնակիչների մի խումբ փորձ է անում: «Շեքսպիրի մեղքերը» պիեսում հանրահայտ դրամատուրգի ստեղծած կերպարներն իր դեմ են ելնում իրենց ողբերգական ճակատագրերի պատճառով։ Դերակատարների ընտրությունից մինչև պրեմիերայի երեկոն ֆիլմը հետևում է թոշակառուների թատերախմբին, փորձերի ընթացքում և նրանց միջև ձևավորվող կապերին՝ ծերանալու անմեղ արժանապատվությանն ուղղված թեթև ու ջերմ հայացքից վերածվելով ավելի խորքային և մտքեր առաջացնող հետազոտության այդ ծերանալուն ուղեկից մենության մասին։ Բեմադրությանը զուգընթաց թատրոնն արտացոլում է իրականությունը։

Մրցանակներ

Լավագույն վավերագրական ֆիլմ, Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխություն, 2026; Լավագույն վավերագրական ֆիլմ, FIPRESCI–ի մրցանակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինոյի goEast փառատոն, Գերմանիա, 2026։

Իննա ՍահակյանԻննա Սահակյան

Վավերագրող և պրոդյուսեր, որի գործերը բացահայտում են մոռացված պատմություններ խորապես մարդկային կերպարների վրա հենված պատումի միջոցով: Սահակյանի ֆիլմերի թվում են մրցանակակիր «Հայաստտանի վերջին լարախաղացը» (համառեժիսոր՝ Արման Երիցյան) և «Մելը»: Նրա «Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմը (2022), որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած՝ վաղ շրջանի հոլիվուդյան աստղ Ավրորա Մարտիկանյանի մասին, դարձել է փառատոնային ֆավորիտ՝ ցուցադրվելով ավելի քան 80 միջազգային փառատոնում և արժանանալով խոշոր մրցանակների, այդ թվում՝ Ասիա–Խաղաղօվկիաոսյան մրցանակին (APSA) լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Ամստերդամի Movies that Matter ԿՓ–ի Հատուկ հիշատակմանը և Հանդիսատեսի մրցանակին, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ–ի (IDFA) «Հանդիսատեսի սիրելի» մրցանակին և Ժնևի Մարդու իրավունքների ԿՓ–ի և ֆորումի (FIFDH) Մեծ մրցանակին:

Ֆիլմացանկ

Հայաստանի վերջին լարախաղացը (համառեժիսոր՝ Արման Երիցյան, 2010), Donkeymentary (համառեժիսոր՝ Արման Երիցյան, 2012), Մել (2021), Ավրորայի արշալույսը (2022), Վերապրել Շեքսպիրին (համառեժիսոր՝ Ռուբեն Ղազարյան, 2025):

Ռուբեն ՂազարյանՌուբեն Ղազարյան

Միջազգային համատեղ վավերագրական արտադրության մեջ փորձառու կինոռեժիսոր: Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի և Մոսկվայի կինոինստիուտի շրջանավարտ է։ Որպես ռեժիսոր և օպերատոր նկարահանել և մոնտաժել է բազմաթիվ նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Բարս Մեդիա» կիոստուդիայում ստեղծել է ճանաչված հեռուստատեսային վավերագրական սերիալներ, ինչպիսիք են «Հայաստանի առեղծվածները», «Իմ բանակը» և «Ճանապարհը»։ Նկարահանումներ է արել Ռուանդայում, Բրազիլիայում, Աֆղանստանում՝ մասնակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագծերին: Վերջերս եղել է «Ավրորայի արշալույսը» մրցանակակիր ֆիլմի մոնտաժողը, նկարիչ ձևավորողն ու խաղարկային տեսարանների ռեժիսորը։

Ֆիլմացանկ

Իմ բանակը (շարք, 2015), Ճանապարհ (շարք, 2017), «Ավրորա» մրցանակաբաշխության մարդասիրական ֆիլմեր (շարք, 2016-2024), Վերապրել Շեքսպիրին (համառեժիսոր՝ Իննա Սահակյան, 2025):