Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Ելիզավետա Սմիթ, Ալինա Գորլովա, Սիմոն Մոզգովոյ
Սինոփսիս
Միլիտանտրոպոսը, ինչպես բացատրվում է ֆիլմի ներածական տեքստում, «այն կերպարն է, որը մարդ որդեգրում է՝ հայտնվելով պատերազմական իրավիճակում»։ Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես է ռուսական լայնամասշտաբ ներխուժումը թափանցել ուկրաինացիների կյանքի բոլոր ասպարեզներ։ Մեկնարկելով կադրերից, որտեղ Կիևի Կենտրոնական կայարանից մեկնում են մարդկանց տարհանող գնացքները, ֆիլմը կտոր-կտոր հավաքում է պատերազմով ձևափոխված առօրյա կյանքի խճանկարը։ Տեսնում ենք՝ ինչպես են քաղաքացիական անձինք ձեռք բերում մարտական հմտություններ, տղամարդիկ մեկնում են ճակատ, բերքը չորանում է, իսկ մայրերն ու երիտասարդ այրիները սգում են։ Լսում ենք հեռվից եկող անդադար, սպառնալից որոտը։ Խնամքով ստեղծված տեսարանների միջոցով ականատես ենք լինում գոյատևման բնազդի էվոլյուցիային և կարեկցանքի անմար պահանջին։
Մրցանակներ
Ուկրաինայի կինոքննադատների միության մրցանակ, DOCU/UKRAINE մրցույթ, Docudays UA մարդու իրավունքների ՄԿՓ, Կիև, Ուկրաինա, 2025։
Ելիզավետա Սմիթ
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ծնված Ելիզավետա Սմիթն ուսանել է մաթեմատիկա, սակայն հետագայում ավարտել է Կիևի թատրոնի և կինոյի ազգային համալսարանը՝ որպես կինոռեժիսոր։ 2014-ին համահիմնադրել է «Tabor Production» կինոընկերությունը։ Ուկրաինական հեղափոխությունից հետո սկսել է կամավորական աշխատանք երեխաների հետ Դոնեցկի Նիկոլաևկա քաղաքում, որտեղ պատերազմը մասամբ ավերել էր քաղաքը։ Այս գործընթացը դարձել է «Թիվ 3 դպրոցը» ֆիլմի ելակետը, որի պրեմիերան կայացել է Բեռլինալե 2017-ում, որտեղ ֆիլմը նվաճել է Գլխավոր մրցանակ Generation 14+ ծրագրում։ 2016-ի գարնանը Գերմանիայի Կոնստանցի թատրոնում բեմադրել է «Wo es brennt» վավերագրական ներկայացումը, իսկ նույն ամռանը եղել է «Class act Արևելք-Արևմուտք» սոցիալական թատերական նախագծի գլխավոր ռեժիսորը։ Սմիթը մասնակցել է Berlinale Talents Campus 2018-ին։ Ուկրաինայի կինոակադեմիայի և Եվրոպական կինոակադեմիայի անդամ է։
Ֆիլմացանկ
Այցելություն (2012), Թիվ 3 դպրոցը (2017), Ցիմբալահար Պետրոն (2018), Մենություն (2019), Քանդիր շղթան (2021), Միլիտանտրոպոս (համառեժիսորներ՝ Ալինա Գորլովա և Սիմոն Մոզգովոյ, 2025)։
Ալինա Գորլովա
1992 թվականին ծնված Ալինա Էդուարդովնա Գորլովան ուկրաինացի ռեժիսոր և սցենարիստ է, որը մասնագիտանում է վավերագրական կինոյում։ 2008-2012 թթ․ Գորլովան ուսանել է Կիևի Ի․ Կ․ Կարպենկո-Կարոյի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանում։ 2017-ին ընդգրկվել է Ուկրաինայի կինոակադեմիայի կազմում, իսկ 2021-ին արժանացել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչմանը։ Նրա մի շարք վավերագրական ֆիլմեր ճանաչում են ստացել, օրինակ՝ «Այս անձրևը երբեք չի դադարի» ֆիլմը 2020 թվականին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակին Ֆլորենցիայի Festival dei Popoli-ում և «Լավագույն կինեմատոգրաֆիական վավերագրություն» մրցանակին իռլանդական Կորկի 66-րդ ՄԿՓ-ում։
Ֆիլմացանկ
Առաջին քայլն ամպերում (2012), Տատիկը (2014), Խոլոդնի Յար․ ներածություն (2016), Անտեսանելի գումարտակ (համառեժիսորներ՝ Իրինա Ցիլիկ և Սվետլանա Լիշչինսկայա, 2017), Ակնհայտ նշաններ չկան (2018), Այս անձրևը երբեք չի դադարի (2020), Միլիտանտրոպոս (համառեժիսորներ՝ Ելիզավետա Սմիթ և Սիմոն Մոզգովոյ, 2025)։
Սիմոն Մոզգովոյ
1992 թվականին ծնված Սիմոն Մոզգովոյն ուկրաինացի ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, պրոդյուսեր և դերասան է։ Ուսանել է Խարկովի մշակույթի պետական ակադեմիայի Կինոյի և հեռուստատեսային արվեստների ֆակուլտետում (բակալավրի աստիճան)։ 2013-ին անցել է դրամատուրգիայի խորացված դասընթաց Կիևում, որտեղ սկսել է հանդես գալ որպես դերասան «ԴԱԽ» թատրոնում (2013-2018)։ Այժմ աշխատում է որպես անկախ ռեժիսոր։
Ֆիլմացանկ
Ձմեռային այգու հեքիաթը (2017), Ձմեռային այգու հեքիաթը (լիամետրաժ, 2018), Աղ Բոնևիլից (2021), Միլիտանտրոպոս (համառեժիսորներ՝ Ելիզավետա Սմիթ և Ալինա Գորլովա, 2025)։



