Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Մոնիկա Ստրյոմդալ
Սինոփսիս
ԱՄՆ-ում բնակարանային ճգնաժամի պատճառով շատերը ստիպված են ապրել կիսաքանդ ու էժանագին հյուրանոցներում: 12-ամյա Մայքլը ծնողների և նրանց կատվի՝ Սմոքիի հետ բնակվում է նմանատիպ հյուրանոցներից մեկի փոքրիկ սենյակում։ Նրանց տանը քաոս է տիրում և ալկոհոլ է չարաշահվում, բայց իրենք լի են սիրով ու ավելի լավ ապագայի հույսով։
Ռեժիսոր Մոնիկա Ստրյոմդալը տարիներ շարունակ ճամփորդել է ԱՄՆ՝ վավերագրելով կյանքն այսպիսի հյուրանոցներում։ Ութ տարի առաջ նա հանդիպել է Մայքլին՝ այդ միջավայրում մեծացող բազմաթիվ երեխաներից մեկին։ Հասունացման մասին այս վավերագրության մեջ ռեժիսորը երեք տարի հետևում է դեռահասին՝ պատկերելով խաթարված մանկության ցավն ընտանեկան ջերմության և բարդության կողքին։
Մրցանակներ
Հատուկ հիշատակում, DOX:AWARD մրցույթ, CPH:DOX ՄԿՓ, Կոպենհագեն, Դանիա, 2025; Hera «Nuovi Talenti» մրցանակ, միջազգային մրցույթ, Biografilm փառատոն, Բոլոնիա, Իտալիա 2025։
Մոնիկա Ստրյոմդալ
Մոնիկա Ստրյոմդալը միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ և կինոռեժիսոր է։ Լուսանկարչության բակալավրի աստիճան է ստացել՝ անցնելով Ֆալմութի Արվեստի քոլեջի Կերպարվեստի ծրագիրը։ Ութ տարի աշխատել է որպես ազատ լուսանկարիչ Օսլոյում։ 2019 թվականին արժանացել է «Նորվեգիայի տարվա լավագույն լուսանկար» մրցույթի 1-ին մրցանակին և առաջադրվել Leica Oscar Barnack (LOBA) պարգևի։ Մոնիկան հայտնի է մարդկանց և նրանց կյանքը պատկերելու մտերմիկ ոճով։ Նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ, իսկ «Անօթևան Ամերիկա»-ն նրա դեբյուտային լիամետրաժ վավերագրական աշխատանքն է։
Ընտրված ֆիլմացանկ
Անօթևան Ամերիկա (2025)։



