Սինոփսիս
«Բուլակնա»-ն վավերագրական ֆիլմ է ֆիլիպինցի կանանց սփյուռքի մասին, որոնք արտագաղթում են և երբեմն տասնամյակներով մնում արտասահմանում՝ հայրենիքում իրենց ընտանիքների և երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Անձնական պատմությունները կապելով հավաքական պատմությանը, մասնավորից անցնելով ընդհանրականին՝ ֆիլմն անդրադառնում է արդի աշխարհի հիմնարար խնդիրներին՝ հետգաղութային գլոբալ տնտեսության մեջ առկա խոր սոցիալական անհավասարությանը, միևնույն ժամանակ շոշափելով մարդկային ամենամտերմիկ կողմերը՝ մեր աշխատանքի, մեր մարմնի և մեր կյանքի արժեքը։
Մրցանակներ
Ռենո Վիկտորի անվան մրցանակ, FID Marseille, Ֆրանսիա, 2025; «Alchemies» մրցանակ, SEMINCI, Վալյադոլիդի միջազգային կինոշաբաթ, Իսպանիա, 2025։
Լեոնոր Նոյվու
Լեոնոր Նոյվուն մեծացել է Մակաոյում մինչև 90-ականների կեսերը, որտեղ ուսանել է լուսանկարչություն՝ նախքան Լիսաբոն վերադառնալը, որտեղ 2004 թվականին ավարտել է կինոդպրոցը։ Հետագայում վավերագրական կինոյի դասընթացի է մասնակցել «Ateliers Varan»-ում, ինչը վճռորոշ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական ուղու վրա։ Նրա ֆիլմերը ցուցադրվել և մրցանակների են արժանացել աշխարհի տարբեր փառատոներում, ինչպիսիք են Լոկառնոյի, Ռոտերդամի փառատոները, ZINEBI-ն, FID Marseille-ը և այլն։ «Terratreme Filmes» ընկերության համահիմնադիրն է (հավաքական հարթակ, որը ստեղծվել է 2008-ին Լիսաբոնում), որտեղ նա ծավալում է իր ռեժիսորական գործունեությունը՝ զուգահեռաբար արտադրելով այլ ռեժիսորների՝ ստեղծագործական տարբեր փուլերում գտնվող նախագծերը։
Ֆիլմացանկ
Սալիտրե (2005), Վերջին օրերի սրբերը (2009), Ուրիշ նամակներ կամ Հորինված սերը (2012), Քաղաքը և արևը (2012), Սեպտեմբեր (2016), Քաղաք (2017), Այն ամենը, ինչ պատկերացնում եմ (2017), Աղվեսը (2019), Արշալույս (2021), Բուլակնա (2025)։








